Երեւանում մայիսի 27-ի երեկոյան ոստիկանները հայտնաբերել է նախօրեին ավազակային հարձակման եղանակով առեւանգված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առեւանգված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի քննչական բաժնի քննիչ Վիգեն Սարգսյանը եւ Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել են Լենինգրադյան փողոցի 46 շենքի մոտ` «Սեբաստիա» հյուրանոցի հարեւանությամբ:

Ավտոմեքենան եղել է սարքին վիճակում:

Դեպքի վայրում ականատեսները հայտնել են, որ ավտոմեքենան հայտնաբերել է 34-ամյա Վարդան Ղազարյանը, ով աշխատում է Աջափնյակի վարչական շրջանի վարչակազմում որպես իրավաբան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 26-ի ուշ երեկոյան ժամը 23.20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Շինարարների 15/1 շենքի մոտ կրակել են իր ընկերոջ վրա եւ առեւանգել նրա ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ նշված հատվածից հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 35-ամյա Արթուր Հակոբյանը եւ նրա հայրը` 81-ամյա Դավիթ Հակոբյանը: Ականատեսների խոսքով, հայրը վնասվածքներ է ստացել աչքի մասում, իսկ տղան` ձեռքի:

Արթուրը անհատ ձեռներեց է եւ Երեւան քաղաքում աշխատեցնում է արտարժույթի փոխանակման մի քանի կետեր: Հարեւանները պատմել են, որ Արթուրը իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի 33 ՏՏ 335 համարանիշի ավտոմեքենան մտցրել է ավտոտնակ, երկու հոգի առանց դիմակի մոտեցել եւ նրանից պահանջել են գումար: Այդ ժամանակ նրանց է մոտեցել հայրը` Դավիթը: Ըստ հարեւանների, մոտ տասը րոպե տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո հնչել են կրակոցներ եւ հանցագործները իրենց հետ փախցրել են «Տոյոտա Քեմրին»: Ավազակներից մեկը կրակելուց առաջ հրազենը փաթաթել է պոլիէթիլենային տոպրակով, հավանաբար, որպեսզի պարկուճները հանցանքի վայրում չմնան:

Նշենք, որ նախկինում եւս նրանց պատկանող փոխանակման կետերից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի