Ֆրանսիայի պետքարտուղար Ժորժ Թրոնը, ով պատասխանատու է Ֆրանսիայում պետծառայության համար, լքել է իր պաշտոմնը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

«Ժորժ Թրոնը այսօր հայտնել է իր հրաժարականի մասին», -նշվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ: Վարչապետը նաեւ «ողջունում է Թրոնի արիությունն ու պատասխանատվության զգացումը»:

«Այս որոշումը նրան թույլ կտա լիարժեք երաշխավորել իր պատվի պաշտպանությունը», - նշվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ շաբաթվա սկսզբին երկու աշխատակցուհիներ Թրոնին մեղադրել էին սեռական ոտնձգության համար: Պետքարտուղարի փաստաբան Օլիվիե Շներբն էլ հայտարարել էր, թե նրանց նկատմամբ զրպարտանքի հակընդդեմ հայց է ներկայցնելու: Հայտնի է, որ հայցվորուհիները ինչ-որ ժամանակ հեռացվել էին Դրավեյ քաղաքի վարչակազմից, որի քաղաքապետը Թրոնն էր:

Կանանցից մեկը «Պարիզիենին » տված հարցազրույցում բացատրել է հայցի ներկայացման պատճառը: Նրա խոսքով` առիթը ամերիկացի սպասուհու քայլն էր, ով հայց էր ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի արդեն նախկին նախագահ Ստրոս -Կանի դեմ: