Մայիսի  29-ի երեկոյան, ժամը 22։30 սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղու 34-րդ կմ-ում։

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շրջվել է Mercedes E-300 մակնիշի 21 ԼՍ 031 համարանիշի ավտոմեքենան, որի ուղևորներից երեքը, մեկ աղջիկ և երիու տղա մահացել են, եվս մի հոգու ծանր վիճակով տեղափոխել են Չարենցավան քաղաքի հիվանդանոց: Հատկանշական է, որ ավտովթարը տեղի է ունեցել մայրուղու հենց այն հատվածում, որտեղ 2009 թ. ավտովթարի արդյունքում զոհվել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը:  

Գագիկ Շամշյանը հաղորդում է նաև, որ մահացածների դիակները ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կտրել են ավտոմեքենան եւ հանել մահացածների մարմինները: 

Քիչ առաջ հայտնի դարձան մահացածներից երկուսի ինքնությունը՝ Անդրանիկ Գալստյան, 23 տարեկան, եւ Հրաչիկ Մկրտչյան, 25 տարեկան։

Դեպքի վայրում աշխատում են  Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանը, ՃՈ 2 -րդ գումարտակի աշխատակիցները` հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ: Ոստիկանության Չարենցավանի բաժմի պետի Ժամանակավոր  պաշտոնակատար Սերգեյ Աֆյանի հանձնարարականով դեպքի վայր է կանչվել քարշակ ավտոմեքենան, որպեսզի վթարված մեքենան տեղափոխվի տուգանային հրապարակ: 

Այս պահին վթարված մեքենայից արդեն  դուրս են բերվել մահացածների մարմինները, որոնք շտապօգնության մեքենան տեղափոխում է է Չարենցավանի դիահերձարան: 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի