Հայտնի է դարձել մայիսի 29-ին Երեւան-Սեւան ավտոմայրուղու 34-րդ կմ-ում տեղի ունեցած ավտովթարից մահացածների եւ վիրավորի ինքնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է  26-ամյա Հրաչիկ Մկրտչյանը, ով տեղում մահացել է: Մահացել են նաեւ նույն ավտոմեքենայում գտնվող ուղեւորներ 23-ամյա Անդրանիկ Գալստյանը եւ Ալինա Խոսրովյանը, ում տարիքը ճշտվում է:

Վիրավորվել է 35-ամյա Քրիստինե Ենոքյանը:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Սեւան ավտոմայրուղու այդ հատվածում Mercedes E-300 մակնիշի 21 ԼՍ 031 համարանիշի ավտոմեքենան շրջվել է, որի վարորդն ու ուղեւորներից 2-ը մահացել են, եւս մի հոգու ծանր վիճակով տեղափոխել են Չարենցավան քաղաքի հիվանդանոց: Հատկանշական է, որ ավտովթարը տեղի է ունեցել մայրուղու հենց այն հատվածում, որտեղ 2009 թ. ավտովթարի արդյունքում զոհվել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը: 

Պահանջվել է ԱԻՆ Կոտայքի մարզի փրկարարների հատուկ տեխնիկան զոհվածներից երկուսի մարմինները ջարդուխուրդ եղած մեքենայից դուրս բերելու համար։

Նշենք նաեւ, որ վթարի հետեւանքով մեքենան բախվել է մի քանի ծառի,  ու վերջում ողջ ուժով հենց այն նույն ծառի բնին,  որին 2009 թ. բախվել էր ԱԺ պատգամավոր,  ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանի մեքենան: