Արարատի մարզում մայիսի 30-ին, ժամը 00-ի սահմաններում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երասխ-Երեւան ավտոմայրուղու 15-րդ կմ-ում` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհահատվածում Տափերական գյուղի բնակիչ, 27-ամյա Հարություն Աբրահամյանը, վարելով Mercedes Benc մակնիշի 03 ՍՏ 333 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից աջ եւ մի քանի պտույտ շրջվել դաշտում:

Վթարի հետեւանքով Աբրահամյանը տեղում մահացել է: Դեպքի վայրում էին ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ: Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվեց Մասիսի տուգանային հրապարակ: Քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ ավտոմեքենան որպես ծառայողական փոխադրամիջոց սպասարկում է Արաբկիր վարչական շրջանի դատախազության դատախազներից մեկին, իսկ մահացածը վերջինիս վարորդի ազգականն է:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի