Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի կողմից անգլերենով հրատարակվել է Արա Սարաֆյանի գիրքը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թալեաթ փաշայի գրառումների մասին: Այս մասին հաղորդում է Nouvelles d`Arménie-ին:
Թուրքական արխիվների վերջին փաստաթղթերի եւ Թալեաթ փաշայի անձնական փաստաթղթերի զուգակցումը հաստատում է, որ Թալեաթն իսկապես Հայոց ցեղասպանության ճարտարապետներից էր:
Փաստաթղթերը հաստատում են, որ նա 1915 -1916 թթ. հրամայել էր իրականացնել եւ ղեկավարել էր թուրքահայերի տեղահանումը ու «խնամքով» հետեւել էր տեղահանվածների ճակատագրին: Թեեւ շատ փաստաթղթեր թուրքական արխիվներում նախկինի պես հասանելի չեն, սակայն եղած տեղեկությունները փաստում են, որ տեղահանման թեզն ընդամենը շղարշ էր հայերի ոչնչացման համար:
Թուրքական արխիվների փաստաթղթերը, ինչպես նաեւ 1917 թ-ին վերաբերող Թալեաթի գրառումները վկայում են, որ առանվազն 100 000 հայերի հաջողվել է խուսափել տեղահանումից: Ըստ Թալեաթի գրառումների` Օսմանյան կայսրությունում հայերի մեծ մասը զոհվել է 1915 եւ 1917 թթ.: Փրկվածները ցրվել են տարբեր նահանգներում, որպեսզի ասիմիլյացիայի ենթարկվեն:
Գրքույկը, անկասկած, Թալեաթը գրել է անձնական օօգտագործման համար: Այն հրապարակման համար չի նախատեսվել: 1921 թ-ին Թալեաթի սպանվելուց հետո նրա այրին գրքույկը տվել է թուրք պատմաբանի, որն էլ որոշել է հրատարակել այն:
Թալեաթի տվյալներով` Օսմանյան կայսրությունում 1 150 000 հայեր անհետացել են 1915–1917 թվականներին: Այդ թիվը ներառում է նաեւ 100 000 հայերի, որոնց հաջողվել է փախչել 1915 թ-ին (եւ հիմնականում մահացել են սովից եւ հիվանդություններից), սակայն այն չի ներառում տասնյակ հազարավոր հայ կանանց ու երեխաներին, որոնց վերցրել են մահմեդական ընտանիքները կամ մանկատները` ասիմիլյացիայի ենթարկելու համար:




























