Չի կարելի ղումար խաղալ կենսաթոշակային փողերի հաշվին: Սա կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկումն է, որը նա արտահայտեց այսօր` մայիսի 30-ին ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ բանավեճի ընթացքում:
Ըստ Մանասերյանի` կենսաթոշակային բարեփոխումների մշակված ծրագրում կան ակնհայտ անընդունելի կետեր: Մասնավորապես` տնտեսագետը սխալ է համարում, որ կենսաթոշակային ֆոնդերի սնանկացման դեպքում պետությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում:
«Չպետք է օրենքի մեջ զարտուղի ճանապարհներով գումար վաստակելու հնարավորություն թողնել»,- հայտարարեց տնտեսագետը: Ի պատասխան` Հ. Հակոբյանն ասաց, որ ընդունված են մոտ 170 օրենսդրական եւ նորմատիվային ակտեր, որոնցով կառավարությունն ու Կենտրոնական բանկը պատասխանատվություն են ստանձնում կենսաթոշակային համակարգի նորմալ կենսագործունեության համար: «Ոչ ոք չի կարող փախչել այստեղից: Իսկ եթե ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվեն, ասենք` երկրագունդը պտտվի հակառակ ուղղությամբ, ապա կառավարությունը կխառնվի»,- ասաց պատգամավորը:




























