Սոչիում գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի ապամոնտաժումը մինչեւ հոգու խորքը վրդովեցրել է հարյուր հազարավոր համշենահայերի, որոնք ապրում են Ռուսաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում: Մոսկվայի Համշենահայերի ասոցիացիայի նախագահ Աշոտ Դուդուկչյանի եւ Կրասնոդարի «Համշեն» մարզային կենտրոնի ղեկավար Արդավաստ Տուլումջյանի համատեղ հայտարարության մեջ ասվում է.

«Անդրանիկ Օզանյանը մեզ համար պարզապես ազգային հերոս  եւ ժողովրդի ազատության պայքարի մարտիկ չէ, նա մեր հայրենակիցն է, Տրապիզոնի վիլայեթից, որտեղից գաղթածների հետնորդներն այսօր ապրում են Սոչիում: Ուստի պատահական չէր, որ հենց Սոչիի հայերն են իրենց հայրենակցի հուշարձանը տեղադրելու նախաձեռնությամբ հանդես եկել:

Հուշարձանի ապամոնտաժումը սրբապղծություն է ոչ միայն Անդրանիկի հիշատակի, այլեւ մեր նախնիների հիշատակի առջեւ: Ռուսաստանի համշենահայերը ապամոնտաժումը գնահատում են որպես վանդալիզմի ակտ, որը կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»,- նշել են հայտարարության հեղինակները` տարակուսանք հայտնելով Ռուսաստանի հայերի միության վարմունքից: