Դովիլում ՌԴ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների ընդունած հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ է եւ հասցեական: Նման կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն մամուլի ասուլիսում:

Հատուկ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը պետք է զուսպ լինի իր գնահատականներում, ֆրանսիացի դիվանագետը նշել է, թե հայտարարությունը հստակ էր, եւ ժամանակն է խաղաղ համաձայնագրի մշակման համար: Դեսպանը հիշեցրել է, որ նախագահները կոչ են արել զերծ մնալ ուժի կիրառումից եւ կարծիք է հայտնել, որ կողմերը ողջամտություն կցուցաբերեն Կազանում հաջողության հասնելու համար: Հաջողությունը բանակցություններում եւ համաձայնագրի արագ իրացումը թույլ կտան նվազեցնել լարվածոթւյունը սահմանին, անվստահությունը փոխարինել վստահությամբ, ատելությունը` համագործակցությամբ, եւ վերջնարդյունքում տարածաշրջանը վերադարձնել պատմական առաքելությանը:

Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները «Մեծ ութնյակի» գագաթաժողովում հայտարարություն են ընդունել` ընդգծելով ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ կոչ արել Հայաստանին ու Ադրբեջանին ցուցաբերել քաղաքական կամք եւ ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների շուրջ: