Վրաստանում 17 միամանդատ շրջաններում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 21-ին, հայտարարել է ԿԸՀ ղեկավարի տեղակալ Գեորգի Շարաբիձեն:
«Այսօր ընտրական վարչակազմը նիստի ժամանակ նշանակել է երկրորդ փուլի անցկացման օրը՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ը»,-ասել է Շարաբիձեն:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 31-ին: 150 խորհրդարանական մանդատի համար պայքարել է 48 կուսակցություն եւ 2 քաղաքական դաշինք: Քվեաթերթիկների հաշվարկից հետո առաջատարն է համարվել «Վրացական երազանք» կուսակցություն 48.22 տոկոս ձայնով:
Ընդդիմությունը չի ընդունում քվեարկության արդյունքները՝ համարելով, որ դրանք կեղծված են, եւ հրաժարվում է մտնել նոր խորհրդարանի կազմի մեջ: Այդ կապակցությամբ իշխանության ընդդիմադիրները կազմակերպել են մի քանի բողոքի ակցիա Թբիլիսիում՝ խորհրդարանի եւ ԿԸՀ շենքերի դիմաց: Նրանք պատրաստվում են անցկացնել հերթական հանրահավաքը նոյեմբերի 14-ին:




























