Անկարայի գլխավոր դատախազությունը 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հետաքննության գործով այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենին եւ ռազմաօդային ուժերի հրամանատար Թահսին Շահինքայային որպես կասկածյալ հրավիրել է հարցաքննության։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Քենան Էվրենի փաստաբանը հանդիպել է դատախազի տեղակալ Հուսեյին Գյորուշենի հետ՝ պահանջելով, որ Էվրենի հարցաքննությունը տեղի ունենա տանը, քանի որ նա առողջական խնդիրներ ունի։

1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հետաքննության գործով Էվրենի եւ Շահինքայայի դեմ ներկայացված է «հեղաշրջման իրականացում» եւ «զենքով սահմանադրական  կարգի փոփոխություն» մեղադրանքներ։

Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։

2010-ի սեպտեմբերի 12-ի հանրաքվեով Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց։ Այդ փոփոխությամբ՝ հանվել է այն կետը, որով արգելվում էր դատապարտել 1980-ի հեղաշրջման մասնակիցներին։

Քենան Էվրենը ներկայումս 93 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։