Իտալիայի Պերուջայի շրջանում մայիսի 27-ին ծծկեր երեխա է մահացել` հոր մոռացկոտության պատճառով: Հայրը 3 ժամով 11-ամսյա երեխային մոռացել էր արեւից շիկացած մեքենայի մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Երեխայի հայրը պետք է աշխատանքի գնալուց առաջ երեխային տաներ մանկապարտեզ, բայց մոռացել էր այդ մասին:

Հայրը աշխատանքի է հասել առավոտյան ժամը 9:30-ին եւ միայն 3 ժամ հետո, երբ վերադարձել է մեքենայի մոտ, հիշել է, որ իր հետ մեքենայում նաեւ երեխան է եղել: Անմիջապես դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

Բժիշկների խոսքով, երեխան մահացել է երկար ժամանակ արեւի տակ մնալու պատճառով, որի հետեւանքով դադարել է երեխայի սրտի աշխատանքը:

Պերուջայում այդ ժամանակ ջերմաստիճանը եղել է 30 աստիճան:

Սա վերջին շաբաթում արդեն երկրորդ դեպքն է Ապենինյան թերակղզում: Մայիսի 19-ին 45-ամյա տղամարդը պետք է առավոտյան իր 2 տարեկան դստերը` Էլենին տաներ մանկապարտեզ, սակայն աշխատանքի մասին մտքերով տարված դա մոռացել էր այդ մասին: Նա երեխային մեքենայում էր թողել 6 ժամ: