Սպասվում է, որ այսօրվա հանրահավաքն իր մարդաշատությամբ պետք է գերազանցի նախորդներին, քանի որ քաղբանտարկյալների մեծ մասն ազատության մեջ է, իսկ հանրահավաքին սպասվում են Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի ելույթները: Թերթի տեղեկություններով, այսօրվա հանրահավաքին հատկապես լրջորեն են նախապատրաստվել եւ հատուկ պատրաստվածության են բերվել ոստիկանական ուժերը:
Իշխանությունը, չնայած ՀԱԿ-ի հետ ունեցած պայմանավորվածություններին, զգուշանում է ժողովրդի մեծ քանակից եւ կարծում է, որ այդ բազմությունն ունակ է ինքնաբուխ դրսեւորումների: Ոստիկանությունում խոսում են, որ իշխանությունը հատկապես անհանգստացած է Նիկոլ Փաշինյանի` ազատության մեջ գտնվելու հանգամանքով: Թեեւ որոշ քաղաքագետներ կարծում են, որ ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, թույլ չի տա, որ Նիկոլը շատ ակտիվանա: Նրանցից մեկն օրինակ ասում էր, որ հանրահավաքը վարելու «պատիվը» Նիկոլին տրամադրելով` արդեն իսկ նրան ցույց են տալիս, որ Լեւոն Զուրաբյանի մակարդակից վեր չես բարձրանա: Մինչդեռ ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր Նիկոլին շատ ավելի մեծ դերակատարում են վերագրում եւ ուզում են նրան շարժման առաջնորդի դերում տեսնել: Ստացվում է, որ Նիկոլից եւ իշխանությունն է վախենում, եւ ընդդիմության որոշ լիդերներ:



























