Կոմիի իրավապահ մարմինները մոտ օրերս Սիկտիկվար կհասցնեն Մոսկվայում հայտնաբերված աշակերտուհուն, ով կորել էր մեկ շաբաթ առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Օբյաչեւո գյուղի 15-ամյա բնակչուհի Թամարա Ազմանյանի որոնողական աշխատանքներն սկսվել էին մայիսի 24-ից։ Անհայտ անձինք նրան առեւանգել էին  մայիսի 23-ի առավոտյան։ Փաստի առնչությամբ  քրեական գործ էր հարուցվել։

Անցած հանգստյան օրերին իրավապահներն աղջկան գտել են Մոսկվայում։ Նա հայուհի է։ Բացատրել է, որ ինքը հարսնացու է եւ կովկասյան ավանդույթներով, իրեն առեւանգել են փեսացուի ընկերները։ Նա չի դիմադրել, քանի որ մտադիր է ամուսնանալ Մոսկվայում եւ սիրեցյալի հետ այնտեղ ապրել։

Աղջիկը հրաժարվել է բուժզննությունից, ասել է, որ իրեն լավ էզգում։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մոտ օրերս դպրոցահասակ աղջիկը կվերադարձվի Կոմի։ Եթե նրա ցուցմունքները հաստատվեն, քրեական գործը կկարճվի։