Թուրքիայում ընթացքող «Մեծ մուրճ» հեղաշրջման գործի հետաքննության շրջանակներում կալանավորվել է Թուրքիայի ռազմական ակադեմիաների հրամանատար, գեներալ Բիլգին Բալանլըն։
Բալանլըն դարձավ Թուրքիայում ընթացքող «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» դատական գործերով կալանված զինվորական ամենաբարձր պաշտոնյան։ Նա Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարան էր կանչվել մայիսի 30-ի առավոտյան եւ մինչեւ ուշ որոշակի ընդմիջումներով հարցաքննության է ենթարկվել։ Հարցաքննության վերջում գեներալ Բալանլըի նկատմամբ կայացվել է կալանման որոշում՝ «հեղաշրջման փորձի իրականացման» մեղադրանքով։
Թուրք գեներալը դատարանից բանտ է տեղափոխվել իր ծառայողական մեքենայով։
Նշենք, որ 2010-ի հունվարին թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝ ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։
Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:
«Մեծ մուրճ» հեղաշրջման նախագծի մեջ մեղադրվող գեներալներից են՝ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Հալիլ Իբրահիմը Ֆըրթնան, ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, 1-ին ցամաքային ուժերի հրամանատարության նախկին հրամանատար Չեթին Դողանը, ԶՈՒ-ի կապի եւ էլեկտրոնային տեղեկատվության համակարգերի հրամանատար Քադիր Սաղդըչը, հյուսիսային ծովային ավազանի հրամանատար Մեհմեդ Օթուզբիրօղլուն եւ այլոք։



























