«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա` մայիսի 31-ի նիստում խորհրդի կազմում ընդգրկվել է նոր անդամ՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան), իսկ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ի պաշտոնե  հաստատվել է որպես խորհրդի անդամ:

Նիստը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիմնադրամի գործադիր վարչությանը հանձնարարվել է համապատասխան փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանելով 36 հոգի:

Այնուհետեւ նիստի մասնակիցները դիտել են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով 2010թ. կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, լսել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի զեկույցը` հաշվետու տարում Հիմնադրամի գործադիր վարչության կատարած աշխատանքների մասին:

Նիստի օրակարգի շրջանակներում Հոգաբարձուների խորհրդի անդամներին կներկայացվի նաեւ Վերստուգիչ հանձնաժողովի եւ «Գրանթ Թորնթոն» ընկերության հաշվեքննիչ կազմակերպության եզրակացությունը, որից հետո նիստի մասնակիցները կքննարկեն Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանի զեկույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախորդ տարիների աշխատանքների եւ հետագա զարգացումների, հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին: