Դովիլում երեք նախագահների վերջին հայտարարությունը ձեռնտու է հայկական կողմին, քանի որ պատերազմը որեւէ մեկին ձեռնտու չէ, եւ գերտերությունների նախագահները հերթական անգամ անուղղակի կերպով հասկացրին Ադրբեջանին, որ պատերազմ չեն հանդուրժի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` հավելելով, որ ադրբեջանական կողմը հայտարարության մեջ միայն իրեն ձեռնտու ենթատեքստ է տեսնում եւ խոսում է վերջնագրերի լեզվով:
«Երեք նախագահների հայտարարությունից հետո Ադրբեջանը երկու անգամ մեկնաբանել է այն` կրկնել իր քարոզչությունը եւ նոր ոչինչ չասելով. հայկական կողմը պետք է հանի իր զորքերը եւ Բաքուն չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը»- նշել է փորձագետը:
Ջամալյանի խոսքով, 20-րդ դարում չի եղել նախադեպ, որ անկախություն հռչակած երկիրը, կրկին անցնի լծի տակ, հրաժարվի իր անկախությունից: Հետեւաբար Ադրբեջանի դիրքորոշումը հակապատմական է եւ զուրկ տրամաբանությունից:



























