Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին կտրականապես հերքել է, թե Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին հայ գործարարներ են մասնակցել:
«Չեմ կարծում, որ հայ գործարարները պաստառներով վազում էին Բուրջանաձեի հետեւից: Դա քաղաքականության ոլորտից չէ, այլ` հոգեբուժության»,- ասել է դեսպանը մամուլի ասուլիսում:
Մեկնաբանելով իրավիճակը Վրաստանում` Թենգիզ Շարմանիշվիլին ընդգծել է, թե իրավիճակը կայուն է, իսկ հանրահավաքների եւ ցույցերի անցկացումը անկայունության նախանշաններ չեն:
Ցույցերի անցկացումը քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, հիշեցրել է դիվանագետը: Նա միաժամանակ հայտարարել է, թե անպատասխանատու մի խումբ անձինք ոստիկանության հետ ուժային բախումներ են հրահրել, ի պատասխան ոստիկանությունը համարժեք միջոցներ է ձեռնարկել:
Շարմանիշվիլին նաեւ զուգահեռներ չի տեսնում Երեւանում 2008թ. մարտի 1-ին եւ Թբիլիսիում 2011թ. մայիսի 26-ին տեղի ունեցածի միջեւ. «Հայաստանում եռումը ներքաղաքական էր եւ սադրված չէր այլ պետությունների կողմից»: Ըստ դեսպանի, Վրաստանում կան արտերկրից ֆինանսավորվող խմբեր, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը:



























