Թերթը նշում է, որ ժամանակին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր վերանայել նոտաական ծառայությունների սակագների սանդղակը, որը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում:
«Կառավարությունն այն կարծիքին էր, որ նոտարական համատարած կաշառակերությունից փրկվելու կարեւոր քայլերից մեկը սակագների միջակայքի (սանդղակի) վերացումն է եւ ֆիքսված սակագների սահմանումը: Նոտարական համակարգում բնակչության նկատմամբ կատարվող բացահայտ դրամաշորթության մասին մեր բազմաթիվ հրապարակումներում, մինչ կառավարության կողմից այս մոտեցման մասին խոսելը, առաջարկել ենք վերացնել սակագների այդ միջակայքը, ինչպես նաեւ վճարումները կատարել բանկային համակարգի միջոցով:
Երբ վարչապետը նույնպես շեշտեց սակագնային սանդղակը վերացնելու անհրաժեշտությունը, թվում էր, թե այս խնդիրը պետք է լուծված համարել: Թեեւ բանկի միջոցով վճարումներ կատարելու տարբերակի մերժումը տեղ էր թողնում կոռուպցիոն ռիսկերի համար:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, երբ ծանոթացանք կառավարության հաստատած նոտարական ծառայությունների նոր սակագներին, այն տպավորությունը ստացանք, որ դրանք կամ չեն փոխվել, կամ սխալմամբ նախկին սակագներն են դրվել:
…Այն դեպքում, երբ նոտարների թիվը դեռ սահմանափակ է եւ մասնագիտական գործունեության ստաժ ունեցող յուրաքանչյուր անձ չի կարող նոտար դառնալ, սակագների միջակայքը ոչ մի մրցակցություն չի կարող ստեղծել: Նոտարները սովորաբար պայմանավորվում են եւ պահանջում ամենաբարձր սակագինը վճարել: Սա նշանակում է, որ այսուհետ եւս վճարումները կատարելիս նոտարները քաղաքացիներից պահանջելու են վճարել վերին սակագինը: Առավել մեծ միջակայք ունեցող սակագների դեպքում, լայն հնարավորություն է բացվում այդ տարբերության հաշվին ապօրինի վճարներ պահանջելու համար:
Հարց է առաջանում, եթե սակագների այս սանդղակը պահպանվելու էր, ի՞նչ իմաստ ուներ այսքան խոսել նոտարական ապօրինությունների մասին ամենաբարձր մակարդակով: Ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ վարչապետն ասում է, որ պետք է վերացվի սանդղակը, իսկ ընդունվում է լրիվ այլ որոշում: Նոտարական լոբբի՞նգն է այդքան հզոր եղել, Տիգրան Սարգսյանին խաբե՞լ են, համոզե՞լ են, թե՞ նա ի վիճակի չի եղել իր տեսակետը պաշտպանել որոշում ընդունելիս: Հավանական է, որ նոտարական ծառայությունների սակագները հաստատելիս արդադադատության նախարարությունը չափից ավելի է ընդառաջել նոտարական պալատին:
Հետեւաբար, արդադարատության նախարար Հրայր Թովմասյանն ու փոխնախարար Գրիգոր Մուրադյանն էլ առաջին պատասխանատուներն են դրա համար: Նրանք, վարչապետի հետ հանրությանը պետք է պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչո՞ւ մինչ որոշման ընդունումը խոսում էին սակագների միջակայքի վերացման մասին, բայց հաստատեցին այդ սանդղակը պահպանող սակագներ»,- գրում է «Ազգը»:




























