Ամերիկյան իշխանությունները հաստատել են մեղադրանքները, որ ավելի վաղ առաջադրել էին 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչների` Հալիդ Շեյխ Մոհամմեդի եւ նրա չորս հանցակիցների դեմ:

Պենտագոնում հաղորդել են, որ նրանք մեղադրվում են ահաբեկչության, օդանավերի առեւանգման, զանգվածային սպանությունների, քաղաքացիական անձանց վրա հարձակվելու դավադրության եւ մասնավոր ու դաշնային սեփականության ոչնչացման մեջ: Զինվորական դատախազները մտադիր են հասնել մահապատժի:

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից Հալիդ Շեյխ Մոհամեդը ձերբակալվել էր Պակիստանում 2003թ.: Նա մեղադրվում է ահաբեկչությունների  ծրագրման, ինքնաթիռների առեւանգման կատարողների նախապատրաստման մեջ:

Քննության տվյալներով, Մոհամեդը ոչ միայն խոստովանել է իր մեղքը, այլեւ իրեն պատասխանատու է համարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների համար, որոնք հանգեցրել են 3 հազարից ավելի մարդկանց մահվան: Մեղադրյալների մեջ են նաեւ Ալի Աբդուլը, Վալիդ Բեն Աթթաշտ, Ռամզի Վինալշիբխը, Մուսֆարա Ահմեդ ալ Հավսավին: