Թերթի թղթակիցը ընդդիմություն-իշխանություն երկխոսության թեմայով զրուցել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ.
-Խոսակցություններ կան, որ իրականում երկխոսությունը տեղի է ունենում Ձեր` ի դեմս իշխանության եւ ի դեմս ընդդիմության` Լեւոն Զուրաբյանի միջեւ:
-Անլուրջ բաներին ես չեմ ուզում անդրադառնալ: Նման բաներին մի քիչ փիլիսոփայորեն եմ մոտենում: Մարդիկ են, պետք է ինչ-որ բան ասեն, ինչ-որ հետաքրքրություն շարժեն… զուտ հումորով… Նախ` քաղաքական երկխոսությունը պետք է տանեն քաղաքական մարդիկ, որպեսզի լուծումներ գտնեն: Հավանաբար այդ խոսակցությունները գալիս են նաեւ նրանից, որ ուզում են ավելի ծանրակշիռ դարձնել իրենց դերակատարությունը, բայց նաեւ մի ուրիշ բանով են պայմանավորված… Իրավիճակներ եղան, երբ իսկապես Հայաստանում, ինչպես ասում են, արդեն ավտոմատները լիցքավորել էին եւ հագուստները կոճկած կարծում էին, թե անխուսափելի կլինի փրկել արյունահեղությունից, բայց հաջողվեց փրկել` ահավոր մեծ ջանքեր գործադրելու շնորհիվ, եւ ես այս ամենը վերապրելիս սարսուռ եմ զգում… բայց հաջողվեց բարեբախտաբար, ու երեւի մարդիկ մտածում են, որ այսպիսի վիճակներում այն մարդիկ, ովքեր այն ժամանակ ինչ-որ դերակատարություն են ունեցել, կարող են նորից ունենալ, բայց սա այն հարթությունը չէ, այդ հարցը չէ: Ես շատ թույլ լավատեսությամբ եմ նայում այս գործընթացներին: Իսկապես գնահատելի է, բայց թե որքանով կշարունակվի եւ ինչ արդյունքներ կտա…




























