Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) Հայաստանում կազմակերպության անդամ` Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ ողջունում է Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակումը: FIDH-ի հայտարարության մեջ հույս է հայտնվում, որ Հայաստանի նախագահի` 2008թ. մարտյան իրադարձությունների հետաքննություն անցկացնելու կոչը կիրականացվի եւ կոնկրետ քայլեր կարվեն այդ ուղղությամբ: «Մեր կազմակերպությունը նաեւ կոչ է անում համարժեք փոխհատուցում վճարել 10 զոհերի ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ:

Համաներման մասին որոշումը կայացրել էր Ազգային Ժողովը` նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Համաներմամբ ազատ են արձակվելու 396 դատապարտյալներ, արդեն ազատության մեջ են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: