Առաջիկայում կայանալիք ընտրությունների ժամանակ տարվող պայքարի արդյունքում «Օրինաց երկիր» կուսակցությունը ժողովրդի քվեն ստանալու է առանց «քոռ կոպեկի», այնպես, ինչպես միշտ է եղել։ Հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհանես Մարգարյանը:
«Մենք միշտ էլ «ջիգյարով ձայներ» ենք ստացել՝ անկախ նրանից՝ ընդդիմության թե իշխանության ճամբարում ենք եղել։ ՕԵԿ-ը միշտ էլ ունենալու է իր վստահության քվեն, ծանրակշիռ ներկայացվածությունը քաղաքական դաշտում, քանի որ տեր է կանգնել իր տեսակետներին»,- ասաց նա:
Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային՝ Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ ՕԵԿ-ը միշտ էլ ողջունել է նմանօրինակ նախաձեռնությունը, բայց թե ինչ արդյունքներ կգրանցվեն այդ գործընթացի ավարտին, ոչ ուզում է, ոչ էլ կարող է կանխատեսել:
Ասուլիսին ներկա մյուս բանախոս, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ նկատեց, որ երկխոսությունը սպասելի էր, քանի որ մի շարք առանցքային հարցերում ներկայիս եւ Հայաստանի առաջին նախագահների դիրքորոշումները շատ նման են։ «Ընդ որում, երկխոսությունը ուղղված է լինելու ոչ թե համակարգային փոփոխություններին, այլ իշխանությունը վերարտադրելուն, իրար մեջ կիսելուն»,- նշեց նա։
Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ փորձ է արվում հասարակությանը համոզել, որ Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներից բացի երկիրը ոչ մի այլ ուժ չի կարող ղեկավարել։




























