Վայոց Ձորի մարզում մայիսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, Շատին գյուղի գլխավոր ճանապարհին տեղի է ունեցել խոշոր փլուզում:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները պատմել են, որ, բարեբախտաբար, այդ ժամանակ նշված ճանապարհով, որը գյուղի գլխավոր ճանապարհն է եւ Շատինը կապում է մարզկենտրոնի հետ, մեքենաներ եւ հետիոտներ չեն անցել: Ճանապարհը փլուզվել է մոտ 30 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ եւ 45-ից 50 մետր խորությամբ:

Փլուզման հետեւանքով վնասվել եւ ձորում են հայտնվել էլեկտրասյուներն ու հաստաբուն ծառերը: Ինչպես նշել են գյուղացիները, այս պահին դեռ հայտնի չէ` մարզպետարանից մարդիկ եկել են` ծանոթանալու իրավիճակին, թե ոչ: Միայն ժամանել են ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ աշխատակիցները:

Գյուղի ժողովուրդը տարակուսած է, թե երբ կվերացվի վթարը, քանի որ գյուղն, ըստ էության, կտրվել է արտաքին աշխարհից:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի