Իշխանությունը եւ մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռեւս չեն քննարկել եւ որոշում չեն կայացրել, թե ովքեր են ընդգրկվելու Հայ ազգային  կոնգրեսի հետ հնարավոր բանակցությունների համար ստեղծվելիք պատվիրակության կազմում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

«Պատվիրակություն ստեղծելու եւ դրա կազմը որոշելու լիազրությունները վերապահված են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Նրան է վերապահված նաեւ հարցի լուծումը՝ պատվիրակությունը կկազմվի կոալիցիո՞ն ուժերի ներկայացուցիչներից, թե բացառապես հանրապետականներից: Իսկ իմ կողմից միայն կարող եմ ասել, որ մեր կուսակցությունում այս հարցը դեռեւս չի քննարկվել»,- տեղեկացրեց Սահակյանը։

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք իշխանությունն ընդդիմության հետ բանակցել արտահերթ ընտրությունների, հետեւաբար ժամանակից շուտ սեփական լիազորությունները վայր դնելու մասին (ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 31-ին կայացած հանրահավաքին հայտարարել էր, որ իշխանությունների հետ երկխոսության թեման բացառապես արտահերթ ընտրութունների անցկացումն է), Հովհաննես Սահակյանը նկատեց. «Ի տարբերություն շատ իշխանավորների՝ մենք բարդութավորված չենք, որ առողջ քննադատությունն ու կառուցողական առաջարկներն ընդունենք որպես իշխանության հասցեին արված վիրավորանք։ Եթե մենք գտնենք, որ առաջարկները, քննարկումները որեւէ  պահանջի, վերջնագրի տեսքով  չեն, պատրաստ ենք երկխոսելու։

Բացառապես արտահերթ ընտրությունների մասին խոսելը չեմ կարծում, որ տեղավորվում է ՀԱԿ առաջնորդի արտահայտած մտքերրի մեջ։

Մենք երեկվա հանրահավաքին ելույթ ունեցած մարդկանց խոսքից հասկացանք, որ կա ռացիոնալիզմ, կառուցողական հատիկ։ Ի պատիվ ՀԱԿ-ի, որն առաջ ասում էր, որ ամեն ինչ կջարդի, կզավթի, այժմ նրա տոնայնությունը մեղմացել է, խոսում է միայն օրինական եւ սահմանադրական կարգը չխախտելու ճանապարհով իշխանափոխության մասին, իսկ օրինականության սահմաններում իշխանափոխության միակ տարբերակը հերթական ընտրություններն են։ Եթե ժողովուրդը կորոշի եւ իր քվեն կտա ընդդիմադիր թիմին, դա էլ կլինի օրինականության սահմաններում իշխանափոխություն»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի