Հայաստանի ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսությունը կայանալու է: Նման համոզմունք մամուլի ասուլիսում հայտնել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, ընդդիմությունն ու իշխանությունը պարտադիր կպայմանավորվեն այդ բանակցությունների փոխընդունելի օրակարգի շուրջ, եւ հանրապետությունում հանդուրժողականության մթնոլորտ կձեւավորվի, որի պայմաններում հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անհամեմատ ավելի լավ կանցնեն, ինչը կառաջացնի ոչ միայն միջազգային հանրության, այլեւ, ինչն ավելի կարեւոր է, հայ հասարակության գոհունակությունը:
Նշենք, որ երեկ` մայիսի 31-ին ընդդիմության հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է երկխոսություն սկսելու համար մի քանի ներկայացուցիչներ պատվիրակել: Ըստ Տեր-Պետրոսյանի` ընդդիմությունն այդ բանակցություններում խոսելու է բացառապես արտահերթ ընտրություններից:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























