NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այսօր` հունիսի 1-ին ժամը 13:30-ի սահմաններում բանկ թալանելու փորձ է արվել Իջեւանում: Այս տեղեկատվությունը հաստատել են նաեւ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ինչպես պատմում են մեր աղբյուրները, 17-ամյա մի տղա մտել է «Հայեկոնոմբանկի» Իջեւանի մասնաճյուղ հանգստի սենյակ եւ ձեռքին եղած դանակով պառնալով հաշվապահին, փորձել է գումար կորզել: Սակայն նա բռնվել է ու բերման ենթարկվել ոստիկանության Իջեւանի բաժին:
Ոստիկանության Իջեւանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով: Երիտասարդը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
Ավազակային հարձակման հեղինակը Տավուշի մարզի Հով գյուղի բնակիչ Անդրանիկ Առուստամյանն է, ով սովորում է 11-րդ դասարանում: Նա նախկինում ոչ մի անգամ չի դատապարտվել:




























