Հայաստանի Ազգային ժողովում այսօր` հունիսի 1-ին տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի անդամների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը, ապա` անդրանիկ նիստը:  Այն ստեղծվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, որպես խորհրդակցական հասարակական մարմին:

Մայիսի 31-ին Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովները գումարել էին  առաջին նիստերը, որոնց ընթացքում ընտրվել էին հանձնաժողովների նախագահներ:

Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում էին հավաքվել Երիտասարդական խորհրդարանի 131 պատգամավորները` Հայաստանի 18-30 տարեկան քաղաքացիներ, ովքեր նորաստեղծ կառույցի անդամ էին դարձել  ինքնաառաջադրման կարգով, խորհրդարանական կուսակցությունների ներկայացմամբ, պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների կողմից: 

Ողջույնի խոսքով, նրանց է դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները Ազգային ժողովի բակում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:

Այնուհետեւ ԱԺ նիստերի դահլիճում Երիտասարդական խորհրդարանը գումարել է  անդրանիկ նիստը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանի փոխնախագահի, հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների, կրթության նախարարի, ինչպես նաեւ դիվանագիական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների ներկայությամբ:

Նշենք, որ այս խորհրդարանի առնվազն 3 տոկոս պատգամավորական մանդատները վերապահված է  ազգային փոքրամասնություններին:

Իգական սեռի ներկայությունը եւս կարգավորված է փաստաթղթով. նախատեսվում է ընդհանուրի մեջ նրանց` առնվազն 20 տոկոս ներկայություն:

Երիտասարդական խոհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի համաձայն` խորհրդարանի նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով. յուրաքանչյուր հերթական մեկ նիստ վարելու է 12 հանձնաժողովներից մեկի նախագահը: Երիտասարդական խորհրդարանն իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է թե հաստատված կարգով, եւ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով:

Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստը կգումարվի սեպտեմբերին: