Մայիսի 31-ին ժամը 04:25-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը`ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Մանվել Դավթյանի գլխավորությամբ:

Հիվանդանոց մեկնած խումբը պարզել է, որ այդ երիտասարդներն են Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներ 23-ամյա Դավիթ Գրիգորյանը եւ 22-ամյա Մախոջ Միքայելյանը:

Պարզվել է, որ մայիսի 30-ին ժամը 23:30-00:00-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի լողավազանի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն: Նշված երիտասարդների հետ վիճաբանել է 23-ամյա Անտոն Պողոսյանը, ով Երեւանում աշխատում է «Աբուլիկ» ռեստորանային համալիրում որպես խոհարար:

Վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ`ինչ-որ բջջային հեռախոսի համար: Վիճաբանության ժամանակ Անտոն Պողոսյանն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Դավիթ Գրիգորյանին եւ Մախոջ Միքայելյանին, որի հետեւանքով Մախոջը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, իսկ Դավիթը` գլխի եւ մեջքի հատվածում:

Վիճաբանությունից հետո խոհարարը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Հաջորդ օրը ոստիկանության Եղեգնաձորի բաժինը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ նա գտնվում է գյուղի գերեզմանոցում:

Ոստիկաններից երկու խումբ է ստեղծվում, որոնցից մեկը մեկնում է գերեզմանոց, մյուսը` Անտոն Պողոսյանի տուն: Խոհարարին հայտնաբերում են տանը, ով ներկայացնում է հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 113 հոդվածի 1-ին մասին 2-րդ կետի հատկանիշներով:
Խոհարարին տեղափոխել են ոստիկանության Եղեգնաձորի ձերբակալվածների պահման վայր:

Լուսանկարները    եւ    տեսանյութը  ՝   Գագիկ   Շամշյանի