Ազատ գետի վարարման հետեւանքով հունիսի 1-ին ողողվել են Արարատի մարզի Բուրաստան  գյուղի մշակովի ցանքատարածքներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am- ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Բուրաստան գյուղում ողողվել է մոտ 2 հա մշակովի ցանքատարածք, ինչպես նաեւ գետի ափին գտնվող «Դանգսի» ավտոտեխսպասարկման կետի շինության հիմքը: Լանջազատ գյուղում փլուզվել է համայնքային նշանակություն ունեցող կամուրջը (4x20մ),  ջրածածկվել է 3000 քմ մակերեսով հողատարածք: Դեղձուտ գյուղում ջրածածկվել է ավտոճանապարհի մոտ 70մ ափամերձ հատված եւ մոտ 400 քմ մակերեսով հողատարածք:

Նույն օրը Եղեգիս գետի վարարման պատճառով Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում վնասվել է խմելու ջրագծի մոտ 40մ հատվածը, ողողվել են մշակովի ցանքատարածքներ (մոտ 3000 քմ), փլուզվել է դաշտամիջյան կամուրջը (մոտ 3մ), իսկ Շատին գյուղից մարզի Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Արտաբույնք եւ Հորբատեղ գյուղեր տանող ավտոճանապարհը դարձել է անանցանելի. երթեւեկությունն իրականացվում է շրջանցիկ ճանապարհով:

Նույն մարզում՝ Արփա գետի վարարման հետեւանքով վնասվել են  Երեւան–Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ի ճամփեզրի մոտ 30մ հատվածը, Արփի գյուղում  ջրածածկվել է 15 եւ  ողողվել է 2հա մշակովի ցանքատարածք,իսկ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղում  Մարտունի գետի վարարման հետեւանքով փլուզվել են ափապաշտպան երկկողմանի պատնեշները (մոտ 30մ):

Դեպքերի մասին տեղյակ են պահել համապատասխան մարզպետարաններին: