Ճապոնիայի խորհրդարանը մերժել է անվստահություն հայտնել կառավարությանն ու վարչապետ Նաոտո Կանին, որը պնդում էր  ընդդիմությունը, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Վարչապետի հրաժարականի օգտին քվեարկել են խորհրդարանի ստորին պալատի 152, դեմ` 293 պատգամավորներ: Եթե առաջարկն ընդունվեր, Կանը պետք է լքեր պաշտոնը 10 օրվա ընթացքում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ճապոնիայի ընդդիմադիր ուժերը` Լիբերալ-դեմոկրատական, Կոմեյտո եւ «Վեր կաց, Ճապոնիա» կուսակցությունները խորհրդարանում կառավարության անվստահություն հայտնելու որոշման նախագիծ էին ներկայացրել:

Հունիսի 1-ի լսումներում ԼԴԿ առաջնորդ Սադակաձի Տանիգակին հայտարարել էր, թե երկրի վերականգնումն ու կենսական խնդիրների լուծումը անհնար է Նաոտո Կանի գլխավորությամբ:

Վարչապետ Նաոտո Կանը հրաժարվել էր հրաժարական ներկայացնել` չնայած ընդդիմության պահանջին: «Ես մտադիր չեմ խուսափել պատասխանատվությունից: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հաղթահարել ատոմային ճգնաժամը»,- ասել էր Կանը: