Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր` հունիսի 2-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով բացատրություններ ներկայացրեց «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակի վրա:

Նշենք, որ քիմիական արդյունաբերության հսկան, որի հիմնական արտադրանքը քլորոպրենային կաուչուկն է ու լատեքսները, գրեթե 1 տարի է` արտադրանք չի տալիս: Դատելով նախարարի ներկայացրած բացատրությունից` «Նաիրիտի» պարապուրդն ավելի շուտ ունի օբյեկտիվ դրդապատճառներ, թեեւ մամուլում քիչ չեն հրապարակումները, որոնցով «Նաիրիտի» ներկայիս ղեկավարությունը մեղադրվում է ոչ պրոֆեսիոնալ վարքագծի մեջ:

Ա. Մովսիսյանը նշեց, որ «Նաիրիտը» 2006 թ. սեփականաշնորհվելուց հետո (բաժնետոմսերի 90%-ը պատկանում է Rhinoville Property Limited-ին, 10%-ը՝ Հայաստանի կառավարությանը) առավելագույն թողունակություն ունեցել է 2007-ին եւ 2008-ին, երբ գազի 1000 խոր. մետրի սակագինը 56 դոլար էր: Այնուհետեւ գազը սկսեց թանկանալ, ու նախարարի կարծիքով` դա լրջորեն անդրադարձավ գործարանի ծրագրերի վրա, քանի որ էներգակիրները կազմում են արտադրանքի ինքնարժեքի 70-75 տոկոսը: Բացի գազից` ինքնարժեքի կարեւոր տարր է նաեւ բութադիենը, որը ստացվում է նավթից: Սակայն միջազգային շուկայում նավթի թանկացման պատճառով թանկացել է նաեւ բութադիենը:

Այս ամենին զուգահեռ` 2008-9 թ.թ. միջազգային ճգնաժամը անդրադարձավ, նախարարի կարծիքով, նաեւ քիմիական արդյունաբերության վրա` կաուչուկի գների աճը ակնհայտորեն զիջել է էներգակիրների գնի աճին:

Այնուամենայնիվ` նախարարը լավատես է, ու կառավարությանը վստահեցրեց, որ «Նաիրիտը» դեռ կվերագործարկվի: Սակայն դրա համար անհրաժեշտ է 400-500 մլն դոլարի ներդրում, ինչպես նաեւ` նոր օպերատոր, որը կկարողանա «աշխատել մեծ փողերի հետ»: 2010 թ. կազմվել է «Նաիրիտի» վերագործարկման նոր ծրագիրը, որը էապես տարբերվում է մինչճգնաժամային ծրագրից: