Հայաստանի քրեակատարողական համակարգի կարեւորագույն խնդիրներից մեկը տվյալ պահին ՔԿՀ-ների չափից դուրս «բնակեցվածությունն» է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նման խնդրի առկայության հետ համաձայնվեց նաեւ մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Բաբայանի խոսքով, Քրեակատարողական համակարգի լիմիտը գերազանցվել է 800 մարդով: «Համաներմամբ ազատ են արձակվելու 400 մարդ, ինչը կիսով չափ կմեղմի խնդիրը»,- նկատել է նա: Բաբայանը հաղորդել է, որ «գերբեռնվածություն» հիմնականում նկատվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ լիմիտը (1200 դատապարտյալ) գերազանցվել է 200-ով: Եւս մոտ 30 մարդ ուղարկվել են հարկադիր ուղղիչ աշխատանքների: Բացի այդ, Արմավիրում կառուցվում է մեկ ՔԿՀ, եւս մեկը կկառուցվի Գորիսում եւ կփոխարինի ներկայումս գործող ՔԿՀ-ին: բաբայանը նաեւ հերքել է տեղեկությունը, թե դատապարտյալները հերթով են քնում:

Արթուր Սաքունցը հակադարձել է, նշելով, որ հավաստի փաստեր ունի դատապարտյալների հերթով քնելու մասին:

Իրավապաշտպանն ու ՔԿՎ ներկայացուցիչը համակարծիք էին մեկ հարցում, ՔԿՀ-ներում կա թմրանյութերի խնդիր եւ պետք է պայքարել դրա դեմ:

Ներկայումս հայաստանյան ՔԿՀ-ներում պահվում են 5 հազար դատապարտյալներ եւ կալանավորներ, այդ թվում` 140 եւ 40 անչափահասներ: