2006-2007 թվականներին Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվել են մի շարք ծրագրեր (օրենքների նախագծերի մշակում եւ խորհրդատվություն), որոնց արդյունավետությունը կասդկածի տակ էր առել ՀՀ Վերահսկիչ պալատը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր` հունիսի 2-ին կառավարության նիստում լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրեց այդ ծրագրերի վերաբերյալ:
Այսպես` ՀԲ աջակցությամբ իրականացվել են տնային տնտեսությունների հետազոտություն եւ համայնքների հետազոտություն ծրագրերը: Դրա համար ծախսվել է 150 հազ. դոլար: Նախարարն ասաց, որ ծրագիրը հիմնականում ծառայել է իր նպատակին, չեն ընդունվել միայն 12 առաջարկություններ: Միակ մտահոգությունը, ըստ նախարարի, խորհրդատվությունների արժեքն է` օրական 700 դոլար:
Մեկ այլ ծրագրով 28 հազ. դոլար է ծախսվել 3 օրենքների նախագծերի մշակման համար, որոնցից 2-ը չեն ընդունվել, իսկ մյուսի անհրաժեշտությունն ընդհանրապես չի եղել: Այսինքն` պետական ապահովության սոցիալական հիմնադրամի մասին օրենքն արդեն մշակված է եղել, սակայն ՀԲ վարկային միջոցներով նոր պատվեր է իջեցվել:
Մեկ այլ ծրագրով էլ 45 հազարի խորհրդատվական ծառայություններ են մատուցվել, որոնց անհրաժեշտությունն ընդհանրապես չի եղել:
«Օրենքը դեռ չընդունված` (խոսքը սոցիալական ապահովության պետական համակարգի մասին է,-խմբ)» պատվիրվել են ենթաօրենսդրական ակտերը»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Մեկ այլ ծրագրով էլ 43 հազ. դոլար է վատնվել սոցիալական գովազդների համար` պատվիրվել են ռադիոհաղորդումներ եւ այլ գովազդներ կարիքավորների համար, որոնց անհրաժեշտությունը նույնպես չկար:
Նախարարի կարծիքով, բոլոր այս ծրագրերը իրականացվել են` պահպանելով օրենքի տառն ու բոլոր ընթացակարգային պահանջները:
Այսինքն` քրեական պատասխանատվության խնդիր չկա: Ուղղակի բովանդակային առումով ծրագրերը ճիշտ չեն ընտրվել, որի հետեւանքով պետական միջոցները ծախսվել են «անիմաստ»:




























