Մարիամ Գաբոյանը աշխատանքից չի ազատվել, ուղղակի արդարադատության նախարարության վերակազմավորման հետեւանքով նրա ղեկավարած կառույցը այլեւս չկա: Այսօր` հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով` նախարարության այդ բաժինը (նոտարիատի բաժին) իրականացնում էր 3-4 գործառույթ` մշակում էր քաղաքականություն, վերահսկում էր նոտարներին, մատուցում էր ծառայություններ եւ նորտարներից քննություն էր ընդունում: «Այս 4 գործառույթները պետք է տարանջատված լինեն, իսկ քաղաքականություն մշակողը չպետք է վերահսկողություն իրականացնի»,- ասաց արդարադատության նախարարը:
Ներկայում արդարադատության նախարարության կազմում ստեղծվել է բաժին, որը զբաղվում է բացառապես օրենսդրական ակտերի եւ նախարարի հրամանների տեքստերի մշակմամբ, ինչպես նաեւ` նոտարների եւ զագսերի գործունեությունը վերահսկող տեսչություն: Հ. Թովմասյանի կարծիքով` դժգոհությունները կապված են այդ տեսչության աշխատանքների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը մայիսի 25-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր եւ բաժնի մյուս աշխատակիցների աշխատանքից ազատելու որոշումն անօրինական է: