Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունները հայտնվել են շատ բարդ իրավիճակում, երբ պետք է գնալ վճռական քայլերի ներքաղաքական եւ սոցիալական ճգնաժամի ֆոնին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն սպառել են ժամանակի լիմիտը եւ այժմ ստիպված են արմատական քայլեր կատարել խնդրի կարգավորման ուղղությամբ: Ըստ Շահնազարյանի, հենց այդ մասին է ասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ:

Ըստ ընդդիմադիր գործչի, միջազգային հանրությունն այլես մտադիր չէ ժամկետ տալ կողմերին, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը դարձել է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ անվտանգության սպառնալիք: Դա հաշվի առնելով, ըստ Շահնազարյանի եթե ոչ Կազանում ապա հաջորդ հանդիպմանը կողմերը փաստաթուղթ կստորագրեն կարգավորման վերաբերյալ, բայց վաղաժամ համարեց խոսել դրա բովանդակության մասին:

Շահնազարյանը չի բացառել, որ այս փուլում կարող են քննարկվել խաղաղարարների տեղակայման հարցը: Նա նաեւ նշել է, թե ամփոփիչ փաստաթուղթը կարող է ցավոտ լինել երկու կողմի համար էլ: