Եթե «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը տանջվում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի համար, թող ինքն էլ ներողություն խնդրի նրանից։ Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հակոբյանի այն հայտարարությանը, թե Տեր-Պետրոսյանը ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին «դավաճան», «ԱԽՔ» անվանելու համար նրանից ներողություն պետք է խնդրի։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ մեկից, մանավանդ Բաղդասարյանից ներողություն խնդրելու կարիք չունի։ Կարծում եմ, որ ոչ Ռուբեն Հակոբյանին, ոչ Արթուր Բաղդասարյանին քաղաքական տխուր ապագայից չեն փրկի անգամ իրենց ներողությունները։ Արթուր Բաղդասարյանի ճանապարհով կարող է գնալ միայն Արթուր Բաղդասարյանը, եւ նրա ճանապարհով գնալու համար պետք է ամոթի բավական մեծ դեֆիցիտ ունենալ։ Իսկ ՀԱԿ-ում ամոթի դեֆիցիտ ունեցող մարդիկ չկան»,- նկատեց Փաշինյանը:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նախօրեին հայտարարել էր, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին «դավաճան», «ԱԽՔ» անվանելու համար նրանից ներողություն պետք է խնդրի։