Բացի հանրային տրանսպորտից եւ տաքսիից, փոխադրամիջոցը վարելու պահին ծխող մասնավոր վարորդները նույնպես կտուգանվեն: Մասնավորապես՝ նրանցից կհանվի մեկ տուգանային միավոր: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ օրինագծի նպատակն է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման ժամանակ կիրառվող տուգանային միավորների համակարգի լիարժեք եւ համապատասխան գործառնության ապահովումը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների հնարավոր խախտումների կանխումը անձանց կողմից, որոնք փոխադրամիջոցը վարելու իրավունք չունեն: «Մասնավորապես՝ նախատեսվում է պատժամիջոցների պահանջների մեջ հավելել՝ այդ արարքի կատարման համար պատասխանատվության ենթարկել փոխադրամիջոցը վարելու իրավունք չունեցող անձանց: Այսինքն՝ խոսքը վերաբերում է խախտումներին, որոնց համար վարչական պատիժ է նախատեսվում միայն ավտոմեքենա վարելու իրավունքի զրկմամբ: Իսկ հիմա ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքները կատարելու դեպքում վարչական պատասխանատվություն կսահմանվի տուգանքի ձեւով: Բացի հանրային տրանսպորտից եւ տաքսիից, փոխադրամիջոցը վարելու պահին ծխող մասնավոր վարորդները նույնպես կտուգանվեն»,- նշեց Ֆիդանյանը:
Այսպիսով, նախատեսված է, որ ավտոմեքենա վարելու պահին վարորդի կողմից ծխախոտային արտադրանքի կամ ծխախոտի փոխարինիչների օգտագործումը ենթակա է 700 հազար դրամ տուգանքի եւ 1 տուգանային միավոր հանելու:
Միաժամանակ, այս օրինագծի հոդվածներով նախատեսված մի շարք նորմերի նպատակն է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից գրանցված խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառման ժամանակավոր հետաձգումը:
Առաջարկվում է նաեւ հստակ ամրագրել, որ մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորները, որպես վարչական տույժի միջոց, կիրառվելու են միայն տեսահսկման խցիկների օգտագործման ճանապարհոով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար:





























