Դեկտեմբերի 10-ին ԱԺ նիստի օրակարգից հանվել է Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի ընտրության հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ԱԺ ղեկավարությանը ուղղված նամակի հիման վրա:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ հայտնեց, որ Վարդազարյանն իրեն նամակ է գրել, որում նշվում է. «Հաշվի առնելով հետպատերազմյա իրավիճակը եւ առաջացած խնդիրները, որոնք անհապաղ լուծում են պահանջում, իրատեսական չէ դատական համակարգի այդ հուզող հարցերի շուրջ կառուցողական եւ արդյունավետ քննարկումներ կազմակերպելը»: «Այդ պատճառով ԲԴԽ նախագահն իր եւ իր թեկնածուների անունից խնդրում է հեռաձգել հարցի քննարկումը: Մենք ընդառաջում ենք այդ խնդրանքը եւ հարցի քննարկումը կհետաձգենք»,-ասաց Միրզոյանը:

Իր նամակում ԲԴԽ նախագահը նաեւ նշել է, որ թեկնածուներին տեղեկացրել են նիստի մասին հեռախոսով, վերջիններս այդ ծանուցումը ոչ պատշաճ միջոց են համարել եւ չեն հասցրել պատրաստվել նիստին:

Նամակում նաեւ ասվում է, որ նրանց տեսակետի ներկայացման ժամանակ թեկնածուները պետք է ներկայացնել դատական իշխանության հեռանկարները եւ դատական համակարգի առջեւ դրված մարտահրավերները եւ խնդիրները: Այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական եւ սոցիալական երաշխիքներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին եւ այլն: