Հեղափոխության օրերին եւ դրանից հետո մեծագույն եւ ստորագույն բլեֆ էր, որ հակակոռուպցիոն պայքարի գումարներով բաժանելու ենք թոշակ, աշխատավարձ եւ այլն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կառավարության դիմաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասաց «Պոլիտէկոնամիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

«Պատերազմը ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչ միայն չեն պայքարել կոռուպցիայի դեմ, այլ խոշորագույն կոռուպցիոներներ են, որի գինը դարձել են նաեւ մեր 5000 զոհված զինվորները, որովհետեւ այն «ԱՍԱ»-ները, որոնք գնվել էին բարձր գնով, չեն աշխատել, դրանք մետաղի ջարդոն են եղել: «ՍՈւ 30» ինքնաթիռներն առանց հրթիռ են եղել, դա նույնպես կոռուպցիոն գործարք է, չհաշված այն մեծագույն դավադրությունը, որի մասին այսօր ամբողջ հայ ժողովուրդն է խոսում՝ այդ 5 մլրդ-ի պատմությունը»,- նշեց նա:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումը, ըստ նրա, փորձ է արվում ներկայացնել, թե փրկել է 25 հազար զինվորի կյանք, սակայն իրականությունը հակառակն է. «Ժողովրդին մատուցվում է, որ ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը կարողացել է փրկել 25 հազար մարդու կյանք: Իրականությունը ճիշտ հակառակն է՝ Նիկոլ Փաշինյանը 5000 մարդու գլուխ է կերել»:

Անդրանիկ Թեւանյանի խոսքով` քանի որ ռուսները կանխեցին Արցախի ամբողջական հանձնումը, այդ ծրագիրը հիմա տեղափոխվել է Հայաստան, իսկ այդ ծրագրի շարունակությունն այն է, որ Թուրքիայի համար այդ պատերազմը ոչ թե Արցախի, այլ Սյունիքի համար էր:

«Հիմա Սյունիքի վրա կրկին շարւնակվում են հարձակումները, եւ ադրբեջանաթուրքական մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, որ Սունիքի ուղղությամբ պետք է իրականացնել գրոհ, սադրանք, որպեսզի մինչեւ վերջ հնարավոր լինի իրականացնել Էրդողանի ծրագիրը: Թուրքերն ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ իրենք տիրացան Արցախի 9 շրջաններին: Եթե այս իշխանությունը մնա, արդեն մենք հանձնելու ենք Սյունիքը եւ թուրքական Բայրաքթարներին դիմավորենք Երեւանի վրա»,- ասաց Թեւանյանը: