Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի գնում հրաժարականի, այլ փորձում է հասարակության մեջ սերմանել հերթական ատելությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանի հրժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Ատելություն հանդեպ արցախցիների, ատելություն հանդեպ Արցախի: Նորից փորձում է բաժանել ժողովրդին: Հավաքված ժողովրդին նա ժողովուրդ չի համարում, այլ համարում է  մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ: Նա չի գիտակցում, որ դրանով վտանգում է մեր ողջ պետականությունը: Նա չի հասկանում, որ դրանով վտանգում է յուրաքանչյուր հայի ՀՀ-ում ապրելու իրավունքը: Այսքանից հետո փոխանակ հասկանա, որ այս պահին Հայաստանի փրկության միակ ելքը իր հեռանալն է, նա շարունակում է ճնշումներ գործադրել ու ապօրինի հրամաններ տալ իրավապահ համակարգին»,-ասաց նա՝ կոչ անելով ոստիկանության աշխատակիցներին չկատարել ապօրինի հրամաններ:

Նշենք, որ այսօր Երեւանի տարբեր հատվածներից քաղաքացիները «Արժանապատվության երթ» էին կազմակերպել դեպի Ֆրանսիայի հրապարակ: Որոշ հատվածներում իրավիճակը լարվեց, քաշքշոց սկսվեց: Ոստիկանները բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին: