Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք երկարաձգվել են Եվրամիության կողմից Ուկրաինայի շուրջ հակամարտության պատճառով, լուրջ հետեւանքներ չեն թողել գերմանական տնտեսության համար, կարծում է ԳԴՀ կառավարությունը:
«2014 թվականին սահմանված տուգանային միջոցները Ռուսաստանի հետ առեւտրի կրճատման պատճառ չեն: Ռուսաստանում տնտեսական վիճակը եւ դրա հետ կապված արտահանման կրճատումը միայն սահմանափակ վնաս է հասցրել Գերմանիայի տնտեսությանը»,-հաղորդում է dpa գործակալությունը:
ԳԴՀ էկոնոմիկայի նախարարության զեկույցում նշված է, որ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ Ռուսաստանում գերմանական ընկերությունները թիվը կրճատվել է դեռեւս 2013 թվականին, այսինքն՝ նախքան առաջին պատժամիջոցները ՌԴ-ի դեմ: Նախարարությունը խոստովանում է, որ 2014 թվականին գերմանական ձեռնարկությունների ուղիղ ներդրումները Ռուսաստանի տնտեսությունում զգալիորեն նվազել են, սակայն ընդգծում է, որ արդյունքում իրավիճակը սկսել է կարգավորվել:
Հեղինակները նշում են, որ հիմնական պատճառը նավթի գների անկումն է եւ կառուցվածքային խնդիրները, հաղորդում է DW-ը:
«Այդ պատճառով ԵՄ պատժամիջոցները, թեպետ, նպաստում են առկա միտումների պահպանմանը, սակայն ինքնուրույն որոշիչ գործոն չեն առեւտրային հարաբերությունները կրճատելու համար»,-եզրակացնում են զեկույցի հեղինակները:
Միեւնույն ժամանակ նոյեմբերին ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտը եզրակացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամաիջոցները թողնում են լուրջ հետեւանքներ ԳԴՀ-ի վրա: Տուգանային միջոցների չեղարկումն ու Ռուսաստանի կողմից պատասխան գործողությունները կհանգեցնեին ԵՄ-ում ընդհանուր առմամբ ՀՆԱ-ի աճի 0.12 տոկոսով, այսինքն՝ 21 մլրդ եվրոյով: Գերմանիայի համար դա կհանգեցներ ՀՆԱ-ի 0.16 տոկոս աճին կամ 5.45 մլրդ եվրոյի ավելացմանը:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան ԵՄ երկրների կառավարությունները եւ առաջնորդները որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները մինչեւ 2021 թվականի հուլիս: Այդ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականին Դոնբասում հակամարտության պատճառով, որտեղ ուկրաինական բանակին հակազդում են Մոսկվայից աջակցություն ստացող ռուսամետ սեպարատիստները:





























