Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի tigransargsyan.am կայքում գյումրեցիներից մեկը մի հետաքրքիր մեկնաբանություն է թողել:
NoCorruption անունով օգտագործողը գրել է, որ գյումրեցիները բարի նախանձով են նայում Երեւանի քաղաքապետի կատարած աշխատանքներին:
Նա մի օրինակ է բերել, որը վերջին շրջանում գյումրեցիների մոտ մեծ անհանգստություն է առաջացրել: Խոսքը Գյումրիի նորակառույց քաղաքապետարանին կից տեղադրված առեւտրային տաղավարների մասին է, որը փակել է քաղաքապետարանի աջակողմյա մուտքը: «Այս անգամ Գյումրիի քաղաքապետի ցինիզմը հասել է գագաթնակետին. Գյումրին տնակներից ազատելու փոխարեն նոր առեւտրային տնակներ են տեղադրում նորակառույց քաղաքապետարանի կողքը: Բոլոր Գյումրեցիները բարի նախանձով են նայում Երեւանի քաղաքապետի կատարած աշխատանքներին: Խնդրում եմ կառավարությանը այս հարցով զբաղվել: Վերջապես Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է»,- գրված է մեկնաբանության մեջ:




























