ԳՈՒՄ-ի հարակից տարածքում կրպակների գործունեության կասեցումը եղել է միանշանակ օրենքի սահմաններում, այսինքն`խախտվել են  մանրածախ առեւտրի մասին օրենքը եւ սանիտարահիգիենիկ մի շարք կանոններ, «Սննդի անվտանգության մասին» օրենքի մի շարք դրույթներ: Այս մասին այսօր` հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը. «Մենք չենք փակել կամ դադարեցրել, մենք 7 օրով ժամանակավոր կասեցրել ենք: Հայտնաբերվել են բավականին լուրջ խախտումներ, որոնք մարդու առողջության համար վտանգ են ներկայացնում»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով, ինչ կատարվել է անցյալում, իրեն չի վերաբերում, նա պատասխանատու է ներկա իրավիճակի համար: ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գտնվող մսի շուկայում ստուգումներ կատարելուց եւ փակելուց հետո, որոշ կրպակատերեր կրկին բացել են իրենց կրպակները եւ միս վաճառել: «Երկրորդ անգամ, երբ մենք ֆիքսել ենք, կիրառել ենք տուգանքներ ու դա լինելու է շարունակական, որ մարդիկ հասկանա, որ ոչ ոք իրենց իրավունք չի տվել խաղալ ժողովրդի առողջության հետ»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը` նշելով, որ այդ կրպակները 20-ից ավելի են: Նա նշեց, որ եթե մինչեւ հունիսի 6-ը տնտեսվարողները չվերացնեն թերությունները, դիմելու են քաղաքապետարան, որ արգելեն մսի իրացումը այդ տարածքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունն մայիսի 31-ին ստուգման է ենթարկել ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գտնվող մսի շուկան: Արդյունքում` փողոցի երկայնքով շարված մոտ 2 տասնյակ կրպակներ փակվել են: Մի պահ կրքերն այնպես են բորբոքվել, որ ծառայության աշխատակիցների անվտանգության համար օգնության են եկել մոտ մեկ տասնյակ ոստիկաններ:Մսավաճառների խոսքով` այցն իրենց համար անակնկալ է եղել, թե երբ կրկին կբացվեն կրպակները` իրենց հայտնի չէ:

Որոշ մսավաճառներ պնդում էին, որ իրենց կրպակում որեւէ սանիտարական խախտում չկա, սակայն պետական ծառայությունը փակել է տվել կրպակը պատճառաբանությամբ, որ մաքուր չէ մայթն ու փողոցի հարակից մասը: «Դիմացի մայթից լվանում են ու կեղտաջրերը հավաքվում են մեր կողմում»,- արդարացել էին մսավաճառները: