Հինգշաբթի` կաթոլիկ Սուրբ Ծնունդի ճրագալույցին, Իտալիայում համապետական կարանտին է սկսվել: Ինչպես պարզաբանվում է հանրապետության կառավարության կայքում, սահմանափակող միջոցառումները բնակչության` առանց անհրաժեշտության ցանկացած տեղաշարժի արգելք է ենթադրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մանրածախ խանութները փակ են հանրապետության ողջ տարածքում, իսկ ռեստորաններն ու բարերը հաճախորդներին կարող են միայն առաքմամբ սպասարկել: Սուրբծննդյան հավաքներին առաջարկվում է հրավիրել ոչ ավել, քան երկու մեծահասակ, ովքեր կարող են ուղեկցել մինչեւ 14 տարեկան երեխաներին: Քաղաքի հրապարակներում արգելվում է ցանկացած հավաք, այդ թվում` Ամանորի նախօրեին:
Իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ` մարդկանց հանդիպումներն ու տեղաշարժը սահմանափակելու համար` արձակուրդներից հետո կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նոր աճի հետ կապված մտավախությունների պատճառով:
Այսպես կոչված կարմիր գոտին ուժի մեջ կլինի մինչեւ հունվարի 6-ը, աննշան մեղմացումներով` 28-30-ին եւ հունվարի 4-ին: Հատկանշական է, որ հունվարի 7-ից նախատեսվում էր բացել լեռնադահուկային հանգստավայրերը: Սակայն այժմ խոսքը բացումը մինչեւ ամսվա վերջ տեղափոխելու մասին է: Նույն օրը` հունվարի 7-ին, պետք է բնակչության զանգվածային պատվաստումների արշավ սկսվի: Նախատեսվում է արձակուրդից հետո առնվազն 50 տոկոսով լրիվ դրույքով կրթություն ապահովել ավագ դասարաններում: Այժմ ավագ դպրոցի աշակերտները հեռակա են սովորում:





























