Սիրիան, որպես մի երկիր, որը լավ հարաբերություններ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ, կարող է իր ավանդը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հուլիսի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Ալիևն էլ իր հերթին առիթը բաց չի թողել և հերթական անգամ հիշեցրել է բոլորին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին. «Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային իրավական նորմերին համապատասխան լուծելու օգտին։ Այդ հարցի վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևեր, որոնք պահանջում են ազատել ադրբեջանական հողերն առանց որևէ պայմանի»։ Ալիևը շարունակել է. «ինչ վերաբերում է հայկական կողմից երբեմն հնչող ազգերի ինքնորոշման իրավունքի մասին դրույթներին, ապա ես ուզում եմ նշել, որ հայ ժողովուրդն արդեն ինքնորոշվել է։ Հայաստանն անկախ պետություն է»։
Հարկ է նշել, որ Ալիևի նշած բանաձևերն ընդունվել են հակամարտության ամենաթեժ փուլում և դրանցում, բացի այլ բաներից, առկա են նաև ադրբեջանական կողմին ուղղված պահանջներ. այն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները և հաշտության պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի հետ։ Սակայն Բաքուն չշտապեց կատարել այն բանաձևերի պահանջները, որոնց մասին այսօր խոսում է որպես վերջին ատյանի ճշմարտության, շարունակում էր պատերազմը՝ հուսալով իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը, սակայն դրա փոխարեն կորցնում էր տարածքները՝ մեկը մյուսի ետևից։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահը անցած ամիս այց էր կատարել Հայաստան և ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայտարարել. «Մենք վստահ ենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև միջազգային որոշումներն ու միջազգային իրավունքը հարգելը, ինչպես և երկխոսության կարևորության համատեղ համոզմունքների վրա հիմնված բարի կամքը, բավարար հիմք են աշխարհի բոլոր ճգնաժամերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»։



























