Ունեւոր քաղաքացիները պետք է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի շատ վճարեն, քան մյուսները: Այս մասին դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:
Փոփոխություններն առաջարկվել են, քանի որ տարեկան լրացուցիչ 23 մլրդ դրամ հայթայթելու անհրաժեշտություն է ծագել տուժած զինվորականներին եւ նրանց ընտանիքներին վճարումներ իրականացնելու համար:
Այդուհանդերձ, այս սանդղակը հարուցեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների առարկությունը: Այսպես՝ պատգամավոր Գեւորգ Պապոյանը նշեց, թե նրանք, ովքեր ստանում են, ասենք, 250 հազար դրամ, վճարելու են իրենց եկամտի 2,2 տոկոսը, իսկ նրանք, թվքեր 1 մլն դրամ են ստանում՝ 1 տոկոսից պակաս:
Պատգամավոր Արտակ Մանուկյանն իր հերթին նշեց, որ նրանց համար, ովքեր ստանում են 2 մլն դրամից ավելի, կարելի է հավելել սանդղակի եւս մեկ աստիճան:
«Իհարկե, այդպիսի մարդիկ այնքան էլ շատ չեն, բայց ամենեւին էլ քիչ չեն՝ մոտ 2400, ուստի նրանց լրացուցիչ վճարումները միանգամայն զգալի կլինեն: Առավել եւս, որ նրանց եկամտահարկը զգալիորեն նվազեցված է՝ 2021 թվականին նրանք նախկին 26 տոկոսի փոխարեն վճարելու են 22 տոկոս: Ինչո՞ւ դրա փոխարեն նրանք ավելի շատ չվճարեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- պարզաբանեց Մանուկյանը:
Այսպիսով՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ պատգամավորներն առաջարկեցին այդ վճարումները փոխարինել աշխատավարձից տոկոսներով, որոնք նույնպես կաճեն աշխատավարձի աճի չափով:
Նշենք, որ օրենքում կատարված փոփոխությունների նախագծի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները նախատեսում են մեծացնել Զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրության Հիմնադրամին վճարումները: Հիմա բոլոր վարձու աշխատողները, որոնք պաշտոնապես գրանցված են եւ աշխատավարձ են ստանում, Հիմնադրամին վճարում են ամսական հազարական դրամ՝ անկախ այնհանգամանքից, թե որքան են ստանում:
Կառավարությունը հիմա առաջարկում է վճարումները պայմանավորել աշխատավարձի չափով: Մասնավորապես՝ մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում առաջարկվում է վճարումը սահմանել 1500 դրամ: 100-ից մինչեւ 200 հազարի դեպքում՝ 3 հազար դրամ, 200-ից մինչեւ 500 հազարի դեպքում՝ 5500 դրամ, 500 հազարից մինչեւ 1 մլն դրամի դեպքում՝ 8500 դրամ: 1 մլն դրամից բարձր աշխատավարձի դեպքում վճարումները կկազմեն ամսական 15 հազար դրամ:





























