Անհրաժեշտ է մեկ տարով հետաձգել բաց ցուցափեղկերի վրա ծխախոտի վաճառքի արգելքը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Տվյալ օրենսդրական նախաձեռնության հեղինակներ են նաեւ «Իմ քայլի» պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը:

Թունյանի խոսքով՝ արգելքն անհրաժեշտ է առողջության պահպանման համար: Միեւնույն ժամանակ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված դժվարությունները, առաջարկվում է հետաձգել արգելքը եւս մեկ տարով եւ այն գործի դնել 2022 թվականի հունվարի 1-ից: Այդ առաջարկը սահմանվում է ճգնաժամային պայմաններում հարկահավաքն աջակցելու համար, քանի որ հարկերի մի մասը հավաքվում է նաեւ ծխախոտի վաճառքից:

Նշենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից առաջարկվում էր ամբողջությամբ փակել ծխախոտի ցուցադրումը խանութների ցուցափեղկերում: Օրենքով նախատեսված այդ եւ այլ մի շարք սահմանափակումներ վերաբերում են ոչ միայն ծխախոտին, այլ նաեւ այլ ծխախոտային արտադրատեսակներին, ներառյալ՝ էլեկտրոնային ծխախոտներ: