Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հունիսի 25-ին Կազանում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ առաջընթաց կարձանագրվի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ANS-ին տված հարցազրույցում:
«Ի հայտ է եկել վստահություն, որ հերթական` կազանյան հանդիպման ժամանակ ԼՂ խնդրում առաջընթաց կարձանագրվի: Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ամեն հերթական հանդիպման ժամանակ քննարկումների գլխավոր թեման լինում է ԼՂ խնդիրը: Մենք այդ հարցը լուծելու համար գործի կդնենք բոլոր ջանքերը: Ես վստահ եմ, որ հանդիպման ժամանակ առաջընթաց կարձանագրվի: «Մեծ ութնյակի» վերջին գագաթաժողովի ժամանակ արված հայտարարությունները ստեղծել են հուսադրող հեռանկար: Հույս ունենք` Հայաստանը կհասկանա, որ հարցի լուծման հետաձգումը հակասում է իր իսկ դիրքորոշմանը եւ մոտ ժամանակներս ճիշտ որոշում կկայացնի»,-հայտնել է Դավութօղլուն:
Նշենք, որ հունիսի 25-ին նախանշված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Կազանում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ:
Իսկ մինչ այդ ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները մայիսի 26-ին համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»:




























