Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմությանը եւ արտերկրում գտնվող դրա առաջնորդներին մեղադրել է բելառուսական պետությունը ոչնչացնելու փորձերի եւ երկրի զարգացմանը կառուցողական այլընտրանք առաջարկելու ցանկության բացակայության մեջ:
«Ապստամբությունը, բլիցկրիգը կամ գունավոր հեղափոխությունը չանցան: Ուստի արտասահմանյան տաք գրասենյակներում նստած ձախողված «զմագարները» («մարտիկները») շարունակում են նոր ինտրիգներ հորինել մեր պետության դեմ, ինչպես ասում են` «ի շահ բելառուս ժողովրդի»: Պարզապես ոչ մի լավ բան չի երեւում: Այդ գործիչներն իրենց առանձնահատուկ գաղափարներն ու քաղաքականության ընկալումն ունեն»,- չորեքշաբթի հայտարարել է Լուկաշենկոն Մինսկի ՕՄՕՆ-ի բազա կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:
Բելառուսի Նախագահը նշել է, որ կառուցողական այլընտրանք, ժողովրդի համակրանքի համար ազնիվ եւ բացահայտ պայքար փնտրելու փոխարեն, ընդդիմությունը փողոցային մարտերի կոչեր է անում: Երկրի ղեկավարի խոսքով` ընդդիմությունն եւ դրա առաջնորդները առկա խնդիրները հաղթահարելու իմաստալից երկխոսության փոխարեն փորձում են կասկածի տակ դնել պետական ինստիտուտների օրինականությունը:
Լուկաշենկոն նաեւ մեղադրել է ընդդիմությանը բելառուսական իշխանությունների կողմնակիցների եւ նրանց ընտանիքների նկատմամբ վրեժ լուծելու կոչերի տարածման մեջ: «Ընդ որում, նրանք իրենց հայրենասեր են անվանում` չնայած բացահայտ աշխատում են տնտեսության փլուզման, գոյություն ունեցող սահմանադրական կարգի վերացման եւ երկրի կործանման ուղղությամբ»,- ասել է Բելառուսի նախագահը:
«Մեր հարեւանների օրինակով մենք տեսնում ենք, թե ինչի կարող է հանգեցնել զանգվածային գիտակցության եւ ժողովրդի պատմական հիշողության ոչնչացումը: Հատկապես` դրա ամենաակտիվ մասի` երիտասարդության շրջանում»,- հավելել է Բելառուսի ղեկավարը: Նա չի մանրամասնել, թե որ հարեւան երկրին նկատի ունի: Ընդ որում, ավելի վաղ Բելառուսի նախագահը նախազգուշացրել էր Բելառուսում հարեւան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կնկնության մասին, որտեղ քաղաքական առճակատումը հեղաշրջումից հետո զինված բախման հանգեցրեց:





























